The tradition & historical record
3 min read · 2 sourcesԵզդիների հարսանեկան ծես, եզդի ժողովրդի ավանդական ծես, որը պահպանվել է մինչև այսօր։ Ծեսն ընդգրկված է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։ 1
Նկարագրություն
Աշխարհի հնագույն ազգերից մեկը՝ եզդիները, ունեն իրենց ավանդույթներն ու սովորույթները։ Այդպիսի ավանդույթ է նաև նրանց հարսանեկան ծեսը, որն ընդգրկում է մշակված արարողություններ, փոխադարձ այցելություններ և սովորույթների պահպանում։ Աղջկան ուզելու համաձայնությունը կայացնելուց հետո, փեսայի ծնողները գնում են հարսնացուի տուն` ծնողներից ձեռքը խնդրելու։ Եզդիների հարսանեկան ծիսակարգում հազվադեպ հանդիպում է նաև փոքր հասակում երկու կողմերի ծնողների համաձայնությամբ «բեշքերթում» (նշանադրություն) կատարելու ավանդույթը։ Սակայն այդ դեպքում ենթադրվում է, որ երբ երեխաները դառնան չափահաս, պետք է ամուսնանան։ Աղջկա ձեռքը խնդրելիս տղայի ծնողները նրա համար տարբեր զարդեր են տանում։ Համաձայնություն ձեռք բերելուց հետո՝ տղայի ծնողներն ու մյուս ազգականները մի քանի շաբաթ հետո նորից գնում են հարսնացուի ծնողների մոտ, նորից զարդեր ու նվերներ են տանում։ Այդ արարողության անվանումն է «շիրանի»։ Ժամանակին պահանջվում էր «ղալիմ»՝ աղջկա գլխագին։ Հայաստանաբնակ եզդիների շրջանում այդ ավանդույթն այժմ վերացել է, քանի որ դրա պատճառով չքավոր ընտանիքների երիտասարդները չէին կարողանում ամուսնանալ։ Որոշ ժամանակ անց տեղի է ունենում աղջկան հարս բերելու արարողությունը։ Կայանում է երդման արարողություն․ հայրերը կամ մոտ հարազատները, բութ մատերն իրար սեղմելով, երդվում են շեյխի կամ փիրի ներկայությամբ։ Երդման իմաստն այն է, որ ամեն գնով պետք է պահպանվի երիտասարդ ընտանիքի միասնությունը։ Հավատարմության և անխախտ դաշինքի այդ երդմանը եզդիները հետևում են սրբությամբ։ 1
Խնձորի խորհրդանիշ
Եզդիների հարսանիքներին կարևոր դեր է հատկացվում պտղաբերության խորհրդանիշ խնձորին։ Հին ժամանակներում, երբ եզդի երիտասարդին խնդրում էին ցույց տալ իր սիրելիի տունը, նա այդ տան կողմը խնձոր էր գլորում, և նրա հարազատերը հարս ուզելու էին գնում այդ տնից։ Այսօր այդ ավանդույթը պահպանվել է նաև հարսանիքի ժամանակ․ փեսան խնձորը նետում է հարսի ուղղությամբ, այլ ոչ թե հարվածում նրա գլխին, ինչպես ընդունված է համարել։ Դրանով նա բազմության միջից ցույց է տալիս իր սիրեցյալին։